Ֆինանսների նախարարությունը մշակում է քաղաքականություն, որը պետք է նպաստի ստվերային տնտեսության և աղքատության կրճատմանը և իրականացնի եկամուտների վերաբաշխում։ Սակայն հարուստների եկամուտները մեծանում են, աղքատներինը՝ կրճատվում։ Արդյունքում շահում են հարուստները, տուժում՝ աղքատները։ Նաիրի Սարգսյան
Որպես «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ակնկալվող արդյունք՝ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է աղքատության կրճատումը։ Չի կարելի ասել՝ 2 մլն դրամ աշխատավարձ ստացողի հարկային բեռը թեթևացնելով՝ կրճատում ենք աղքատության մակարդակը՝ դրան զուգահեռ ավելացնելով ակցիզային հարկով հարկվող որոշ ապրանքների դրույքաչափերը (ծխախոտ, ոգելից խմիչքներ և այլն)։ Պլանավորվում է ընդլայնել դրանց ցանկը, այն է՝ 100 գրամ ջրում, այդ թվում՝ գազավորված ջրում, 5 գրամ և ավելի շաքար ու դրան փոխարինող նյութեր պարունակող ըմպելիքները, ինչպես նաև 300 ձիաուժից և 5 տարի թողարկման տարեթվից ավելի տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկը և այլն։ Թե որքանով այս փոփոխությունները կնպաստեն աղքատության կրճատմանը, հստակ հիմնավորված չէ։