Նորություններ
Մեր միակ հույսն ու ապավենը դուք եք, հայրենիքին նվիրված զավակներ մեծացնելու ձեր բացառիկ շնորհն է. Նաիրի Սարգսյան
Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, մաղթում անսպառ ուժ և կորով:
Այս բարդ ժամանակաշրջանում, երբ հայրենիքը կանգնած է պետականության կորստի, վերահաս պատերազմի վտանգի առաջ, առավել կարևոր է նշելը, որ մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների ու ձեռքբերումների գործում:
Այսօր էլ, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առաջ, երբ աճող սերնդի դաստիարակությունն ու կրթությունն է մեծապես որոշելու մեր ապագան, մեր միակ հույսն ու ապավենը դուք եք, հայրենիքին նվիրված զավակներ մեծացնելու ձեր բացառիկ շնորհն է։
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ, ձեր հարազատներին ու մերձավորներին։
Դիտել
Իզուր չէր Վազգեն Սարգսյանն ասում, որ այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից. Նաիրի Սարգսյան
8 տարի առաջ այս օրը` 2016 ապրիլի 2-ին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի նկատմամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2016 թ. ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 91 հոգի՝ 74 զինծառայող և 17 կամավորական, հայկական կողմը կորցրել է մոտ 800 հեկտար տարածք: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր մարտիրոսներին: Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, նրանց խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կհանդիսանան գալիք սերունդների համար: Այն ժամանակ, այս օրերին առավել ևս, Ադրբեջանի քաղաքականությունը, այդ երկրում հայերի հանդեպ քարոզվող ատելությունը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով։ Եվ հենց դա է պատճառներից մեկը, որ հազարամյակներ շարունակ արյան գնով պահած այս երկիրը պետք է ունենա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Իսկ բանակի թիկունքին պետք է կանգնած լինի միասնական ժողովուրդը: Իզուր չէր Վազգեն Սարգսյանն ասում, որ այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից:
Դիտել
Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. Նաիրի Սարգսյան
«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով: Ժամանակը ցույց տվեց, որ նրանք իրավացի էին: Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները անընդհատ հայտարարում են, թե «փողի խնդիր չունեն»: Իրականում ստացվում է, որ լրիվ հակառակն է: Պետք է հաշվի առնել, որ հարկերն ու տուրքերն ավելացնելը, նոր հարկատեսակներ մոգոնելը, հարկման շրջանակներն ընդլայնելը «ոչ պոպուլ յար» քայլեր են, որոնք, բնականաբար, հարվածում են իշխանությունների՝ առանց այդ էլ գերցածր վարկանիշին: Արդյոք տնտեսության իրական վիճակն այնքան վա՞տ է, որ նույնիսկ գիտակցելով նշվածը՝ իշխանությունները գնում են նման քայլերի: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իրավիճակը նկարագրում է պարզ օրինակով:

«Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի տեղ աշխատենք, կա՛մ մեկ վայրի աշխատավարձը բարձրանա: Մի քանի տեղ աշխատելու հնարավորությունը սովորական մարդու համար շատ դեպքերում ժամանակի անբավարարություն է ենթադրում: Պետության պարագայում դա ենթադրում է արտադրական հնարավորություններ: Նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վաճառված, այդ թվում՝ արտահանված արտադրանքի ավելացում նախատեսո՞ւմ ենք, թե՞ ոչ: Նայում ենք ցուցանիշներին և տեսնում՝ սննդի արդյունաբերություն՝ նվազում, խմիչքի արտադրություն՝ նվազում, դեղագործական հիմնական արտադրություն՝ նվազում և այլն:

Եթե արտադրանքը քանակապես նվազում է, ապա մնում է Արևմուտքից ներմուծում և Ռուսաստանին կամ հակառակ ուղղություններով ապրանքների վաճառքը, այդ դեպքում էլ ընդունեցին երկու տեսակ որոշում՝ տրանսպորտային միջոցների և երկակի նշանակության ապրանքների վերարտահանման արգելքը՝ այսպիսով արհեստական խոչընդոտ ստեղծելով: Հետևաբար, մնում է մեր ունեցած եկամուտների, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնական սպառումից ավելի շատ հարկերի հավաքագրումը: Սրան պետք է հաջորդի գնաճը, այսինքն՝ պետք է կա՛մ գները բարձրացնեն, որ նույն դրույքաչափերով ավելի շատ հարկ հավաքեն, կա՛մ պետք է հարկի դրույքաչափը բարձրացնեն, որ նույն եկամուտից ավելի շատ հարկ հավաքեն: Սրանք երկու ճանապարհով էլ գնացին:

2024 թ.-ի մեկնարկից անցել է 2,5 ամիս: Կառավարության ղեկավարը կառավարության նիստին խոսեց ջրի սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին, թե՝ սա ինչ ցածր թվեր են, այնուհետև տրանսպորտի գնի վերանայում, տրանսպորտի գնի բարձրացումը ենթադրում է նաև ավելի շատ հարկեր, այնուհետև կարմիր գծերի, հետագայում՝ փաստաբանական, բրոքերական ծառայությունների գների բարձրացում, պետբյուջեի օրենքի մեջ նախատեսել են կրթության, գիտության և առողջապահության՝ ավելացված արժեքի հարկով հարկում, ինչը նշանակում է 20 տոկոսով այդ ոլորտների սակագների բարձրացում: Ապագայում դեռ ականատես կլինենք բազմաթիվ նման նախաձեռնությունների, որովհետև 340 մլրդ դրամով բյուջեի ավելացումն ուղղակի հնարավոր չէ կատարել արտադրության նվազման պարագայում»,-եզրափակում է Սարգսյանը:
Դիտել
Այսօր հրաշալի առիթ է արժևորելու հայ կնոջ բացառիկ դերը. Նաիրի Սարգսյան
Սիրելի կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեր սերն ու ակնածանքն ուղղելու հայ կնոջը խոնարհության, խոհեմության, համբերատարության, հոգատարության, սիրո ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար և արժևորելու հայ կնոջ բացառիկ դերը ազգապահպանության գործում:
Սիրելի՛ մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր դաստիարակությամբ են մեծանում ազգի արժանավոր զավակները, որոնք մեր պատմության վճռորոշ պահերին իրենց սխրանքներով հերոսանում են հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության մեջ։
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, որոնց որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած, բայց իրենց ընտանիքների համար հենասյուն մնացած կանանց առաջ, գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, որոնք ամուր թիկունք ու ապավեն են զինված ուժերում ծառայող իրենց ամուսիններին։
Կանանց միջազգային օրը բոլորիս համար առիթ է, որպեսզի հաստատենք մեր պատրաստակամությունը՝ կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն:
Սիրելի՛ մայրեր, դուստրեր, քույրեր, գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն ու հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում։
Դիտել
ԱՅՍ ՄՈՏԵՑՄԱՄԲ ՇԱՀԱԳՐԳՌՈՒՄ ԵՆՔ ՀՆԴԻԿՆԵՐԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ՝ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ
«Արտագնա աշխատանքի մեկնածներին եւ ընդհանրապես որեւէ սուբյեկտին հարկելը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հարկումը պետք է լինի իրավաչափ եւ պետության հիմնական նպատակներից բխող»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու նախաձեռնությանը՝ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության արտահանման 1/3-ից ավելին Ռուսաստանի Դաշնությունն է, ՀՀ փոխանցվող տրանսֆերտների 1/3-ից ավելին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների փոխանցվող աշխատավարձերն են իրենց ընտանիքներին։ Փաստացի, եթե Հայաստանի Հանրապետությունը գոյատեւում է Ռուսաստանից փոխանցվող գումարների հաշվին, ապա հարկմանը պետք է վերաբերվել շատ զգույշ։ Ինչո՞ւ․ որովհետեւ այդ մարդիկ, աշխատելով Ռուսաստանի Դաշնությունում եւ ուղարկելով գումար ՀՀ, մի հատ էլ հարկվելով, մեծ խնդրի եւ երկընտրանքի առաջ ենք կանգնեցնում նրանց՝ ուղարկե՞լ գումարները ՀՀ՝ հարկման, թե՞ մարդը տեղափոխի իր ընտանիքը Ռուսաստանի Դաշնություն՝ այնտեղ պահելու։ Չի բացառվում, որ այդ հարկման համարժեք գումարը հենց հավասար լինի իրենց ընտանիքին ՌԴ-ում տեղավորելու եւ այնտեղ բնակվարձի փոխհատուցմանը։ Այսպես դուրս է գալիս, որ արտագաղթին են նպաստում»,- ասաց Սարգսյանը։

Եթե մեր նպատակը Հայաստանից արտագաղթի խրախուսումն է, ապա ճիշտ է արվում ամեն ինչ, եթե մենք խնդիր ենք դնում Հայաստանի Հանրապետություն ներգաղթ ապահովել, ապա շատ սխալ է նման օրենքի ընդունումը։ «Որեւէ կառավարության կողմից անբարոյականություն է՝ հարկել արտագնա աշխատանքի գնացածին, եթե ինքը համարժեք աշխատանքով չի ապահովում իր քաղաքացիներին։ Ինչո՞ւ․ որովհետեւ ցանկացած պետության առաջնային խնդիրը պիտի լինի իր քաղաքացու բարեկեցության ապահովումը։ Եթե այդ երկրի տարածքում բարեկեցությունը չի ապահովվում, եւ մենք դեռ հարկում ենք մեր համաքաղաքացիներին՝ իրենց հացի փողը վաստակելու համար, ապա մենք խարխլում ենք պետության հիմնասյուները, եւ ապագայում պետություն կերտելու մեր երազանքներն ու նպատակները հօդս են ցնդում: Չի կարող այդպիսի բան լինել»,- նկատեց մեր զրուցակիցը։

Իսկ միջազգային փորձն ի՞նչ է ասում: Սարգսյանն ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնածների հարկումը հավասարազոր է ՀՀ-ում համատարած եկամտային հարկի հայտարարագրման ներդրմանը։ Սա կատարվել է ֆիզիկական անձանց հարկելու համար, որն աշխարհում ամենաշատն ընդունված է Միացյալ Նահանգներում։ Հարկում են կա՛մ բիզնեսը, կա՛մ շահույթը, այսինքն` գործատուներին կամ բարիք ստեղծողներին, կամ հարկում են ֆիզիկական անձանց ու այդ հարկման մեխանիզմով կա՛մ խրախուսում են ավելի ակտիվ եւ հարստության ձգտող մասսային, կա՛մ խրախուսում են ավելի անգործունյա կամ չաշխատող մասսաներին։

«Օրինակ, Միացյալ Նահանգները պրոգրեսիվ եկամտային հարկի հարկման համակարգ է ներդրել եւ խրախուսում է ավելի ակտիվ մասսային՝ դեպի մեծ հարստություններ ձգտելու համար։ Իսկ Շվեդիայի, Նորվեգիայի նման երկրները խրախուսում են սոցիալական համերաշխությունը եւ ավելի բարձր եկամուտներ ստացողներին ավելի շատ են հարկում, իսկ ավելի ցածր եկամուտ ստացողներին ավելի բարձր սոցիալական նպաստներ կամ սոցիալական երաշխիքներ են տրամադրում։ Հայաստանի նման երկրներում ուղղակի պետք է հասկանալ, գիտակցել, որ պետք է հարկել առեւտրին: Արտադրողին եւ բարիք ստեղծողին առայժմ պետք է խրախուսել, այդ թվում՝ հարկման արտոնությունների տեսքով, որպեսզի նրանք շարունակեն բարիք ստեղծել՝ ապրեն եւ արարեն Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սարգսյանը։

Հակառակ պարագայում ՀՀ քաղաքացին շահագրգռված չէ այդ աշխատավարձով ՀՀ-ում աշխատել, բայց Հնդկաստանի քաղաքացին շահագրգռված է այդ աշխատավարձով ՀՀ-ում աշխատանքի անցնել։ Ստացվում է, որ մենք այս մոտեցմամբ շահագրգռում ենք հնդիկներին` Հայաստանում աշխատել, եւ ՀՀ քաղաքացուն՝ ՀՀ-ից արտագաղթել։

«Արտագնա աշխատողներին հարկելու նպատակը բացառապես լուծում է ֆիսկալ խնդիր (հարկաբյուջետային)։ ՀՀ բյուջեի մասին օրենքի նախագիծը 2024-ին ընդունվել է 350 միլիարդ դրամ ավելցուկով: 350 միլիարդ դրամ անհնար է կատարել տնտեսական այսպիսի պայմաններում, դրա համար մենք ականատես ենք լինում տրանսպորտային գների թանկացման, ականատես ենք լինում կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից հնչեցվող ջրի սակագնի բարձրացման մտադրության, ականատես ենք լինում արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելուն: Շուտով մենք ականատես կլինենք այլ լայն սպառման առարկաները եւ ծառայությունները հարկելուն, այսինքն՝ էլեկտրաէներգիայի եւ գազի շատ ավելի բարձր սակագնով սպառմանը: Ականատես կլինենք համատարած ապրանքների եւ ծառայությունների գների թանկացմանը․ սա՝ բացասական հետեւանքների մասով։ Շատ կարեւոր է հաշվի առնել, որ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, եւ առաջին հերթին թիրախ է հանդիսանում Սյունիքի մարզը, որտեղ 1000 խոշոր հարկատուների առաջին հարյուրյակի մեջ բազմաթիվ կազմակերպություններ են ներառվում, ընդ որում՝ ՀՀ հենց առաջին հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն է, եւ այդ 350 միլիարդ դրամը չկատարելը կառավարության համար կլինի ճակատագրական, իսկ կատարելու համար պետք է, հենց ամենաաղքատ խավից սկսած, բոլորին հարկել»,- նկատեց Աուդիտորների պալատի նախագահը։

Սույն նախագծի վերաբերյալ որեւէ դրական արձանագրում հնարավոր չէ անել, որովհետեւ այս հարկման ձգտումը բացառապես բացասական հետեւանքներ է թողնելու՝ սկսած արտագաղթի տեմպն արագացնելուց, վերջացրած շատ կազմակերպությունների՝ ՀՀ-ում գործունեությունը դադարեցնելով։ Մեր հարցին, թե արդյոք այդ նույն՝ արտագնա աշխատանքի մեկնողների ուղարկած գումարների շնորհիվ չէ՞, որ ՌԴ-ից ՀՀ մտնող տրանսֆերտը 2 միլիարդի է հասնում, ասաց` այո, մինչեւ 2023 թվականը տրանսֆերտների մեջ գերակշռում էին ռելոկանտների համար փոխանցվող տրանսֆերտները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջոցով Արեւմուտքից ապրանքների ներմուծման կամ ծառայությունների ստացման, կամ դեպի Ռուսաստան վերաարտահանման տրանսֆերտները։
Դիտել