Նորություններ
Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մանուկներին և նրանց ծնողներին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Սիրելի´ փոքրիկներ, թող այս և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն ուրախությամբ, անհոգությամբ, բարձր ծիծաղով, խնդությամբ ու հրաշքների իրականացմամբ:
Մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք երջանիկ ու ապահով պայմաններում, ձեզանից որևէ մեկը չունենա սննդի, բարձրորակ կրթության, անհոգ օրերի պակաս։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, թանկագի´ն փոքրիկներ, մաղթում բոլորիդ քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք:
Դիտել
Այս իրադարձությունը ցույց տվեց, որ հայը կարող է. Նաիրի Սարգսյանի ուղերձը
Սիրելի´ հայրենակիցներ,
Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը:
1918 թվականին` 1915 թ.-ի սարսափելի Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց, հայերը կարողացան թուրքական բանակի դեմ հաղթանակ տանել Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում և պետություն ստեղծել այն օրերին, երբ թվում էր, թե մեր ինքնությունը կորցնելու մեծ վտանգի առաջ ենք։
Այս իրադարձությունը ցույց տվեց, որ հայը կարող է, երբ հավատում է իր սեփական ուժերին, երբ պաշտպանում է սեփական հողը, երբ միասնական ու հաստատակամ է:
Այսօր էլ, երբ մեր երկիրն օրհասական դրության մեջ է, երբ ամեն օր մեզ դրսից սպառնում, իսկ ներսից վախեցնում են նոր պատերազմով, որպեսզի հնարավորինս լուռ ու հնազանդ լինենք, որպեսզի վերջնական մոռացության տանք մեր ինքնությունը, արժեքները, մենք չպետք է մոռանանք, որ կոտրված վիճակում ոտքի կանգնած ու Սարդարապատում որոշիչ հաղթանակ տարած հայի սերունդներն ենք, որ որքան էլ մեզ համոզեն, թե թույլ ենք, անկարող ենք, ոչ մի դեպքում չպետք է մոռանանք, որ հայը որքան էլ կոտրված է եղել, միշտ կարողացել է ոտքի կանգնել և առաջ շարժվել։
Այսօրվա հայն էլ կարող է և պետք է ամուր պահի իր հողը, պաշտպանի իր ինքնությունն ու արժեքները, զորացնի ու զարգացնի Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի շենանա հայկական հողը և հայ ժողովրդի ապագան լինի հուսալի ու պայծառ:
Դիտել
Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում պետությունը, Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ:
Հայկական ընտանիքը միշտ էլ բացառիկ դեր է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման գործում։
Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը, ուժեղ, արժեքային բարձր համակարգով պետությունը։
Այսօր էլ ընտանիքի ամրությունը, պաշտպանվածությունը, ընտանիքում հայկական ավանդույթների, պատմության պահպանումն են երաշխավորելու Հայաստանի վաղվա օրը: Ուստի, ընտանիքին առնչվող ամեն ինչ պետք է լինի բոլորիս առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:
Պետք է հնարավորինս անել, որպեսզի Հայաստանում ապրող բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, ապագայի հանդեպ վստահություն ունենան, որովհետև այս ընտանիքներն են պետության հզորացման և առաջընթացի երաշխավորը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ: Թող բոլոր ընտանիքներում տիրեն սերը, հարգանքը և խաղաղությունը։
Դիտել
Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ:
Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով հիմքեր են ստեղծում արժանապատիվ և ապահով, տնտեսապես ուժեղ ու կայուն Հայաստանի Հանրապետություն ստեղծելու, ունենալու համար, քանզի ժողովրդի աշխատանքից, ներդրած ուժից և նվիրումից է կախված պետության ներկան և ապագան։
Հայաստանում աշխատավոր մարդու նկատմամբ առանձնահատուկ հարգանք կա։ Մենք լավ գիտենք աշխատանքի, ստեղծարար մարդու գինը, որովհետև դարեր շարունակ սեփական ձեռքերով ենք կառուցել մեր տունը, շենացրել հայրենի հողն ու կերտել մեր ապագան:
Այսօր էլ մենք անելիքներ ունենք նոր աշխատատեղերի ստեղծման, արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման, աշխատանքի շուկայի բարելավման հարցերում և մեր ողջ ներուժը պետք է օգտագործենք հային Հայաստանում պահելու, մրցունակ աշխատավարձով ապահովելու համար։
Եվս մեկ անգամ շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ և բեղուն աշխատանք հանուն ձեր ընտանիքների և մեր երկրի բարօրության:
Դիտել
109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս օրերին Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ ապրում է գեթ մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի՝ 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք զոհ դարձան 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի:
Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որն ի կատար ածվեց բացառիկ դաժանությամբ։
1915 թվականի այդ հրեշավոր իրադարձություններից 109 տարի անց մենք կրկին ականատես եղանք, թե հայն ինչպես է բռնում «Դեր Զորի» ճամփան, երբ հազարավոր հայեր՝ իրենց գենի, կյանքի իրավունքի պահպանության համար ստիպված եղան լքել իրենց տներն ու հայրենիքը, երբ Արցախն ամբողջովին հայաթափվեց։
Սարսափելի ոճրագործությունից 109 տարի անց էլ հասկացանք, որ հետևություններ չեն արվել, որ նույն սխալներն ենք կրկնում, որ թշնամին նույնն է և թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է՝ վերացնել հայ ազգն ու անհայրենիք թողել հային։
Ուստի, կարևոր է հասկանալը, որ մենք մեր օրհասական ու ամենակարևոր կռվի մեջ ենք, որ այսօր էլ որոշվում է հայ ազգի լինելիության, Հայաստան պետության գոյության հարցը, և միավորվենք, չվստահենք թշնամուն, որը նենգ է և որի միակ նպատակը մեզ իշխելն ու ոչնչացնելն է։
Պետք է համախմբվենք, հզորանանք, հասկանանք ու ընդունենք, որ մեր գլխավոր հույսն ու ապավենը մենք ենք, մեր սերն է հայրենիքի հանդեպ և մեր հզորացումն է։
Դիտել